News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2019թ. հունիսի 14-ից 20-ը տեղի ունեցավ ամենամյա «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը եւ տնտեսությունը» հատուկ դասընթացը, որը կազմակերպել էր «Չինաստան-Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհուրդը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ։ Հայաստանում ընթացող Չինաստանի վերաբերյալ Հատուկ դասընթացը հայտնվել է նաեւ ՉԺՀ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում, եւ Չինաստանի խոշորագույն կառավարական լրատվամիջոցում՝ «Սինխուայում»։

Արտերկրից հայ ունկնդիրների համար դասախոսությամբ հանդես են եկել դոկտոր,պրոֆեսոր Մեթյու Քրոսսթոնը (ԱՄՆ-ի ռազմական համալսարան), Իվան Զուենկոն (Ռուսաստանի ազգային ակադեմիայի Հեռավորարեւելյան բաժանմունքի գիտաշխատող, Մոսկվայի Կարնեգի կենտրոնի փորձագետ), պրոֆեսոր Վախթանգ Չարայան (Թբիլիսի համալսարանի վերլուծական կենտրոնի ղեկավար), դոկտոր Մա Բինը (Չինաստանի Ֆուդանի համալսարան), Ջասփեր Վեակմանը Թրենդ գործակալության լրագրող  Տաի Յուլոնը (Նանծինի համալսարան, հետազոտող)

Հայկական կողմից դասախոսեցին ք․գ․թ․ Մհեր Սահակյանը («Չինաստան-Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհուրդ հիմնադրամի ղեկավար),  պգ․թ․ Վարուժան Գեղամյանը (ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դասախոս, «ԱՐԴԻ» հետազոտական հիմնադրամի տնօրեն), ք․գ․թ․ Անահիտ Պարզյանը (կիբերանվտանգության փորձագետ՝ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհուրդ),  Վազգեն Պետրոսյանը  («Չինաստան-Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհուրդ):

Դասընթացն ունկնդրելու հրավեր էին ստացել 34 անհատներ՝ ՀՀ տարբեր համալսարաններից եւ գիտական կենտրոններից, ովքեր հաղթել էին մրցույթում եւ հնարավորություն էին ստացել մասնակցել դասընթացներին: Նրանցից միայն 27-ին հաջողվեց հավաքել անհրաժեշտ միավորներ եւ արժանանալ վկայագրերի:

Բանախոսները նրանց ներկայացրեցին Հայ-չինական հարաբաերություններ, «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության նպատակները եւ առանձնահատկությունները, «Մեկ գոտի, մեկ ճանապարհում» ՀՀ ներգրավվման հեռանկարները, Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման նպատակները եւ չինական կողմի ներգրավվածությունը դրանում, Չինաստանի կիբերանվտանգության հիմնահարցերը Սի Ծինփինի նախագահության օրոք, չին-թուրքական, չին-վրացական, չին-ադրբեջանական, չին-ամերիկյան, չին-ռուսական հարաբերություններ եւ այլն։

«Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացի հիմնադիր Մհեր Սահակյանը նշել է. «Հաջողություն եմ մաղթում մեր շրջանավարտներին, համոզված եմ, որ նրանցից շատերի հետ շարունակելու ենք համագործակցությունը, հուսով եմ, որ մեր գործընկերներն իրենց գիտելիքները կօգտագործեն Հայրենիքը շենացնելու գործում։

Դասընթացի ընթացքում քննարկումներ ունեցանք ամերիկացի, բելգիացի, չինացի, ռուս, վրացի, հայ մասնագետների հետ, լսեցինք նրանց դասախոսությունները, վերլուծեցինք, փորձեցինք հասկանալ Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հեռանկարները, հնարավորությունները, ռիսկերը։ Այո՛, անհրաժեշտ է, որ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ աշխարհի երիտասարդ գերտերությունը՝ Չինաստանը, շարունակում է հզորնալ, մենք եւս Հայաստանում հասկանանք, փորձենք աշխատել նրա հետ։ Եթե ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը հայտարարում են շրջադարձ դեպի արեւելք, Եվրոպան բաժանվում է երկու մասի՝ Չինաստանի հետ հարաբերվելու պատճառով, Պեկինը «վերցրել» է Աֆրիկան, չինական ներդրումները «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» միջոցով հասել են մեր սահմնանների մոտ, բայց Հայաստան չեն մտել, ապա մենք իրոք լուրջ աշխատանք ունենք անելու։ Այս Հատուկ դասընթացն էլ կօգնի վերապատրաստել մեր երիտասարդ գիտնականների, ովքեր հետագայում կնպաստեն հայ-չինական հարաբերությունների զարգացմանը»:

Տպել
Ամենաշատ